«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ (Մատթ. 1։23)
2018 թվականի դեկտեմբերի 23 ին Կորտրեյկի «Աստծո Տուն» եկեղեցին տոնեց քրիստոնեական ամենապայծառ տոներից մեկը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Տոնակատարությունը սկսվեց Աստծուն փառաբանությամբ և երկրպագությամբ, որից հետո Աստծո Խոսքով կիսվեց եկեղեցու հովիվ՝ Արթուր Նազարյանը։
Տոնական ծրագրում ներգրավվել էին եկեղեցու անդամները։ Ներկայացվեց «Սուրբ Ծնունդ» բեմադրությունը, որին մասնակցում էին եկեղեցու երեխաները։ Նրանց հրեշտակային հանդերձները և հրաշալի կատարումը, ինչպես նաև բեմական երկնային զարդարանքը, մեծ հիացմունք ու հրճվանք առաջացրին ներկաների միջև ։ Այնուհետև եղան ասմունք և Աստծուն փառաբանող պար՝ եկեղեցու քույրերի կատարմամբ։
Ասմունքեցին նաև մանուկները։ Մնջախաղային բեմադրությամբ հանդես եկան երիտասարդները։ Իսկ վերջում եկավ Ձմեռ պապը իր 9 թոռնիկների հետ՝ ուրախացնելու բոլոր երեխաներին պարով և նվերներով։ Նրանք չմոռացան բաժանել նաև երկնային նվերներ, որոնք էին Սուրբ Հոգու պտուղները՝ բարություն, սեր, խաղաղություն, երկայնմտություն, ուրախություն, ժուժկալություն, քաղցրություն, հավատք և հեզություն։ Մեծահասակները նույնպես միմյանց նվերներ տվեցին`ի նշան Քրիստոսի սիրո։
Վերջում ներկաները վայելեցին տոնական ընթրիքը և ունեցան հաճելի շփում միմյանց հետ։