Ապրիլի 16-ին, կիրակի օրը՝  ամբողջ աշխարհի քրիստոնյաները տոնեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության և հաղթանակի տոնը:
Ոմանք գիտակցում են, թե ինչ Է Զատիկի խորհուրդը և ցնծությամբ տոնում են այն որպես փրկության տոն, իսկ որոշներն էլ պարզապես տոնում են որպես հերթական գեղեցիկ ավանդույթ՝ լցնելով իրենց սեղանները տարատեսակ և ավանդույթային ուտելիքներով:
Քրիստոսն է մեր Զատիկը: Նա ինքնակամ տվեց Իր կյանքը, որ մենք ապրենք հավիտյան: Գերեզմանը չկարողացավ պահել Նրա մարմինը, Նա հարություն առավ մեռելներից, Հիսուս Քրիստոսը կենդանի է: Քրիստոսը փրկեց մեզ մահից, Նա է մեր բոլոր խնդիրների ու հարցերի պատասխանը, մեր Բժիշկը և Փրկիչը:Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն զոհեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա», Հովհաննես 3:16:
Հերթական անգամ Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին ուրախությամբ տոնեց հարության տոնը: Ուրախ սաղմոսներով, եկեղեցու հովվի ողջույնի խոսքով ու քարոզով սկսվեց տոնական երեկոն: Երեխաները սիրով, ակնածանքով երգեցին, պարեցին և բեմադրությամբ ցուցադրեցին հարության տոնի ուրախալի փաստը: Հնչեցին երգ, ասմունք քույրերի կատարմամբ: «Սիրենք իրար» քույրերի պարով  ավարտվեց տոնական ծրագիրը: Տոնական հաճելի ընթրիքի սեղանների շուրջ առիթ ունեցանք շփվելու միմյանց հետ:
Աստծո սերը,  Նրա շնորհքը, ուրախությունը, խաղաղությունը և արդարությունը ամենքիս հետ լինի: