Օրեր առաջ «Աստծո տուն» քրիստոնեական եկեղեցին Կորտրեյկում տոնեց տերերի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ տոնում են «Զատիկը» տարբեր ձևով։ Ոմանք տարատեսակ կերակուրներ են պատրաստում, մյուսները շոկոլադե ձվիկներ են գնում, բայց իրականում Զատկի խորհուրդը շատ ավելի խորն է քան բոլոր այս ծիսակատարությունները։ «Զատիկ» նշանակում է բաժանում, անցում, զատում աշխարհից՝ գերությունից դեպի ազատություն։ Աստվածաշնչում ներկայացված հին կտակարանի զատիկը այն էր, երբ Մովսեսը լսելով Աստծո ձայնը օգնեց Իսրայելի ժողովրդին դուրս գալ Եգիպտոսի, փարավոնի լծի՝ գերության տակից և գնալ դեպի խոստացված՝ կաթ ու մեղր բխող երկիրը։ Իսկ նոր կտակարանում Զատկի խորհուրդը Հիսուսի կյանքի զոհաբերությունն է։ Նա Իր անսահման սիրուց ելնելով զոհեց Իր կյանքը, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, բայց ապրի հավիտյան։ Մահվան խայթոցը չկարողացավ Նրան պահել գերեզմանում։ Քրիստոս խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից։ Իր հարությամբ Նա մեզ կյանք շնորհեց՝ հանելով սատանայի լծի տակից:
Սա միակ ու եզակի դեպքն է մարդկության պատմության մեջ, որ իր հետքն թողել է անգամ 2000 տարի անց։ Հին և նոր կտակարանների «Զատկի» պատմությունները շատ գեղեցիկ կերպով բեմադրեցին մեր եկեղեցու ստեղծագործական խմբի անդամները՝ ներկաներին փոխանցելով ողբերգական, բայց միևնույն ժամանակ ուրախ պատմությունների ընթացքը մի ամբողջական մյուզիքլի տեսքով։
Տոնական ծրագրին հաջորդեց համեղ ընթրիքը և հաճելի շփումը։