Հովիվ Յերոքա Չինահի այցը Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցի և հայրերի տոնը
Հունիսի 12-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում պաշտամունքից հետո քույրերը և երեխաները օրհնեցին հայրերին իրենց տոնի առթիվ:
Այդ օրը եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց Գերմանիայի Ֆելբերտ քաղաքի «Բիրթ» Քրրստոնեական համայնքի հովիվ Յերոքա Չինահը, ով հյուրընկալվել էր իր տիկնոջ և որդու հետ:
Հովիվը խոսեց աստվածաշնչում գրված նեղ և լայն ճանապարհների մասին, որոնց ընտրությունն էլ որոշում է մարդու ապագան: «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները»: Մաթևոս 7:13-15
Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկ փրկվեն: Շատ կարևոր է այն փաստը, թէ ո՞վ է հանդիսանում մեր կյանքի խորհրդատուն՝ աշխա՞րհը, թէ՝ Աստված: Զգուշացիր, թէ ով կամ ինչն է ազդեցություն թողնում քեզ վրա:
Քրիստոնյայի համար վտանգավոր է մասնակից լինել Աստծո խոսքին հակառակվող և անհնազանդ (չներող, ատող, բամբասող, չարախոսող, բարկացող, բռնկվող, դատող , մեղադրող) մարդկանց խորհրդին:
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռին չի նստում»: Սաղմոս 1:1
Ցավալի է այն, որ նույնիսկ որոշ քրիստոնյաներ այսօր իրենց երջանկությունը և փրկությունը փնտրում են աստղագուշակության և այլ կուռքերին հավատալու մեջ: Աստված նախանձավոր Աստված է և ատում է կռապաշտությունը:
«Զգույշ եղի՛ր երկակի կյանք վարելուց». շեշտեց հովիվը:
Մենք պիտի Աստծո վախը ունենանք մեր սրտերում, որպեսզի ընտրենք նեղ և հավիտենական կյանք տանող ճանապարհը:
Սատանան չի կարող քրիստոնյային մոտենալ, եթե նա Հիսուս Քրիստոսին հետևելու ճանապարհն է ընտրել և հաստատ կանգնած է իր որոշման մեջ:
Հովվի քարոզից հետո եկեղեցու մանուկները երգով, արտասանությունով շնորհավորեցին բոլոր հայրերին:
Հայրերին օրհնության աղոթքով և անակնկալ նվերներով ավարտվեց ծառայությունը: «Պատվիր քո հորն ու մորը, սա է առաջին պատվիրանքը խոստմունքով,որ քեզ լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա:Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ մեծացրեք նրանց խրատով և Տիրոջ ուսմունքովը»:Եփեսացիս 6:2-5