Աստվածաշնչյան դպրոցի 2016-2017 ուս. տարին սկսված է
2016 թվականի սեպտեմբերի 1-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին կրկին անգամ իր դռները բացեց աստվածաշնչյան դպրոցում սովորողների համար:
2016-2017 ուս․ տարում աշակերտները կուսումնասիրեն աստվածաշնչյան կարևորագույն թեմաներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր ճիշտ և Աստծուն անձնվեր կյանքի կառուցման համար:
Եկեղեցու աստվածաշնչյան այս դպրոցը լայն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին խորը ուսումնասիրելու Աստծո խոսքը, ճանաչելու Նրա Հեղինակին՝ Արարիչ Աստծուն և խորը անձնական հարաբերություն ստեղծել Նրա հետ:
Սա են վկայում այս դպրոցը անցած տարիներին արդեն սովորած և ավարտած բազմաթիվ քույրեր և եղբայրներ, ովքեր հիմա հավատարիմ սրտով ծառայում են Գենտ և Կորտրեյկ քաղաքների «Աստծո տուն» եկեղեցիներում:
Այս դպրոցում Աստծո գիտության հետ մեկտեղ սովորում են նաև, թե ինչպիսի կյանք պետք է ունենա ճշմարիտ քրիստոնյան (ապրել աստվածապաշտությամբ և աստվածավախությամբ, լինել ազնիվ ինքն իր և Աստծո հետ, սիրել կորած հոգիներին և նրանց ավետարանել Բարի, հոգիների փրկության լուրը) :
Աստված Իր խոսքում՝ Ովսէ 4 : 6-ում նախազգուշացնում է այն մարդկանց, ովքեր մերժում են Իր գիտությունը: «Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չլինելու համար. որովհետև դու մերժեցիր գիտությունը, Ես էլ քեզ եմ մերժելու Իմ քահանայությունիցը. և դու մոռացար քո Աստծո օրենքը, Ես էլ քո որդկանցն եմ մոռանալու»:
Թող Աստված օրհնի բոլոր աշակերտներին և տա իմաստության և հայտնության Հոգի Իր գիտությունով: