Հոկտեմբերի 16-ին՝ կիրակի օրը Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում Աստծո խոսքով ծառայեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը:

Ծառայության թեման վերաբերում էր ընտանիքին, ամուսին — կին, ծնող — երեխա հարաբերություններին: Խոսքում հատկապես շեշտադրվեց, թե ինչպիսին պիտի լինի երեխաների դաստիարակությունը ընտանիքում:

Ամուսնությունը Աստված է ստեղծել և «Ընտանիք» կառույցի Ճարտարապետը Ինքը Աստվածն է: Ընտանիքը շինարարություն է, որին մասնակցում են և՛ ամուսինը, և՛ կինը: Եվ օրհնվում է այն ամուսնությունը, որը շինվում է Ճարտարապետի նախագծով: Ըստ Աստծո խոսքի՝ իրար սիրող երիտասարդները, երբ ամուսնանում են՝ պիտի թողնեն հայրական օջախը և հարեն մեկը մյուսին՝ դառնալով մեկ մարմին: Շատ հայ ընտանիքներում այսօր սխալ կարծիքներ կան ընտանիքի ստեղծման վերաբերյալ:

Ըստ ավանդապաշտության՝ ծնողների կամ որոշ երիտասարդների կարծիքով ամուսնությունից հետո ամուսնական զույգը պիտի շարունակի ապրել ծնողների հետ մեկ ընդհանուր տանիքի տակ:

Ըստ Աստծո խոսքի երիտասարդ ամուսինները պիտի ապրեն առանձին և հարեն իրար (Ծննդոց 2 : 24) որպեսզի հնարավորություն ունենան իրենց սեփական կայուն տունը շինելու, ինքնուրույն աշխատելու, միասին որոշումներ կայացնելու, մարդ ու կին միասին դժվարություններ հաղթահարելու և երեխաներին դաստիրակելու հարցում:

Հովվի խորհուրդն ու հորդորն էր հայ ծնողներին, բաց թողնելու իրենց երեխաներին ամուսնությունից հետո:

Խոսվեց նաև ամուսինների հարաբերության մասին: Ծեծը, բռնությունը ընտանիքում Աստծուն ցավ է պատճառում: Աստված սիրո, խաղաղության Աստված է: Ինչպես նաև զույգերի բաժանությունը Աստծո սրտին հաճելի չէ, քանի որ այն, ինչ Աստված է միացրել , մարդը չպիտի բաժանի: Եթե կան խնդիրներ ընտանիքում, կամ զույգերից մեկը դեռ չի ճանաչում Աստծուն՝ լավ է աղոթքի, ծոմապահության միջոցով հաղթել դժվարություններին, բայց չդիմել ծայրահեղ քայլերի: Ամենից առաջ պետք է հոգ տանել, որպեսզի ճիշտ ամուսնություն լինի մարդու կյանքում: Հավատացյալը պիտի ամուսնանա հավատացյալի հետ, որպեսզի հետագայում միասին կարողանան հաղթահարել իրենց ընտանիքում առաջացած ամեն մի դժվարություն կապված երեխաների դաստիարակության հետ և այլն:

Կինը պիտի հարգի և հնազանդվի իր ամուսնուն, սիրի ու հոգ տանի իր ընտանիքի համար ինչպես Աստծուն է հաճելի: Կինը ստեղծված է, որպեսզի  ճիշտ օգնական լինի իր ամուսնու համար՝  նրան հուսադրող, ուժ տվող՝ իր աղոթքներով ու աստվածահաճո խորհուրդներով: Ամեն մի կայացած, ուժեղ տղամարդու թիկունքում իմաստուն կին է կանգնած: Կինն է ստեղծում ընտանիքում մթնոլորտը՝ լավ կամ վատ: Աստծո խոսքն ասում է. «Իմաստուն կինը շինում է իր տունը, բայց անմիտ կինը քանդում է այն» (Առակաց 14:1):

Կանայք պիտի աղոթեն, որպեսզի  Տիրոջ իմաստությունով և վախով, սիրով ու զորությունով լցված ծառայեն իրենց ընտանիքներին և Աստծուն: Ամուսիններն էլ պիտի հոգ տանեն և սիրեն իրենց կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և Իր կյանքը տվեց նրա համար: Եթե ընտանիքում կա սեր, հոգատարություն ամուսինների միջև, ապա այդ ընտանիքում մեծացած երեխան երջանիկ է իրեն զգում և հետագայում ինքն էլ է ճիշտ ընտանիք կառուցում:

Հովիվը հատուկ շեշտեց, որ երեխաների դաստիարակության հարցում շատ կարևոր է նրանց հետ խոսելը, նրանց լսելը: Երեխաներին պետք է խրատել, պատժել, բայց ոչ ծեծի ու բռնության ենթարկել: Աստծո խոսքն ասում է, որ բացիթողի մատնված երեխան տրտմություն է իր ծնողի համար: Երեխաների դաստիարակության հարցով պիտի զբաղվեն միմիայն երեխայի ծնողները: Երեխան էլ իր հերթին պիտի հարգի, սիրի իր ծնողներին, ինչպիսին էլ որ նրանք լինեն: Ծնողը օրհնություն է երեխայի համար: Աստծո պատվիրանում հատուկ շեշտվում է ծնողներին հարգելու մասին:

Իրականում երեխայի ճիշտ դաստիարակությունը ամենաբարդ և պատասխանատու առաջադրանքներից մեկն է:

Մենք մեր աստվածավախ ու աստվածապաշտ կյանքերով պիտի վառ օրինակ լինենք մեր երեխաների համար, որովհետեւ նրանք անելու են այն, ինչ արել կամ անում ենք մենք ծնողներս:

 

 

seminar_kortrijk_okt16_2000_pixels_ma044128
seminar_kortrijk_okt16_2000_pixels_ma044146
seminar_kortrijk_okt16_2000_pixels_ma044147