Յոթնամյա հոբելյանական տարի, “Աստծո տուն” Կորտրեյկ — 2017

2017 թվականի սեպտեմբերի 23-ին “Աստծո տուն” քրիստոնեական հայալեզու եկեղեցին Կորտրեյկում տոնեց իր յոթնամյա հոբելյանական տարին: Դեռևս տարիներ առաջ, օտար հողում հայերեն լեզվով պաշտամունքը Աստծուն երազանք էր շատերի համար, բայց այսօր այն իրական է և մեծ օրհնություն բոլորիս համար: Ավելի քան 10 տարիներ առաջ Գենտ քաղաքում Աստված բարձրացրեց “Աստծո տուն” ռուսախոս եկեղեցին՝ հովիվ Արթուր Նազարյանի առաջնորդությամբ: 2010 թվականի սեպտեմբերին ծնվեց դուստր՝ հայալեզու եկեղեցին Կորտրեյկ քաղաքում: Եկեղեցին մի մեծ ընտանիք է, որն իր մեջ միաբանել է տարբեր խառնվածքների մարդկանց: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է և մենք էլ Նրա մարմնի անդամները: Ամեն ոք կանչված է Աստծո մարմնում իր ֆունկցիան կատարելու: Տոնի առթիվ եկեղեցու ստեղծագործական ամբողջ խումբը ոչ մի ջանք չէր խնայել այդ օրը գեղեցիկ և տոնական դարձնելու համար:
Եկեղեցու հոբելյանին մասնակցելու և շնորհավորելու էին եկել հովիվներ և հյուրեր Հոլանդիայից և Ֆրանսիայից:Աստծուն փառաբանություն–երկրպագությամբ սկսվեց տոնական ծրագիրը: Այնուհետև Աստծո խոսքով կիսվեց Ֆրանսիայի Փարիզ քաղաքի “Ճշմարտության Խոսք” եկեղեցու հովիվ Սարգիս Պարութճյանը: Տոնական ծրագրի մեջ իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին թե՛ մանուկները, թե՛ մեծահասակները: Փառաբանության խմբի քույրերը և մանուկները իրենց երգով օրհնեցին Աստծուն: Փոքրիկներն իրենց երգ և արտասանությունով փառավորեցին
Աստծուն: Հրաշալի ասմունքով հանդես եկավ մեր քույրը: Ներկայացվեց “Հովիվը և իր արոտի գառները” բեմադրությունը երեխաների մասնակցությամբ: Բեմադրությունն այն մասին էր, թե ինչպես են քրիստոնյաները շեղվում ճշմարտությունից, սկսում բամբասել և թերագնահատել միմյանց, լցվում են հպարտությամբ և դրանով իսկ տեղ տալիս թշնամուն՝ սատանային, մտնելու իրենց կյանքերը՝ զրկելով նրանց Աստծո ուրախությունից, իրենց կոչումից’ տանելով հավիտենական կորստի։ Եկեղեցուն իրենց շնորհավորանքի մաղթանքները հղեցին Հոլանդիայիում Ուտրեխտ քաղաքի “Աստծո տուն” եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը և Հոլանդիայում Ալմելո քաղաքի “Բարի սերմ” եկեղեցու հովիվ Հայրապետ Չանախչյանը: Մանուկները ներկայացրեցին “Տապան” երգ–բեմադրությունը: Նոյի ժամանակների պես այսօր էլ Աստծո բարկությունն իջել է ողջ աշխարհի վրա նրանց գործած չարությունների պատճառով և Հիսուս խոստացել է, որ շուտով գալու է Իր հարսի՝ եկեղեցու հետևից, պետք է շտապել մտնել Աստծո հանգստի՝ տապանի մեջ քանի դեռ ուշ չէ:
Քույրերի ժողովրդական պարը ազգային տարազներով,հոգևոր երաժշտության ներքո մեծ ուրախություն պատճառեց ներկաներին: Մեծահասակների բեմադրությունը “Պատռված ճշմարտություն” վերնագրով բարձրացրեց ներկաների տրամադրությունը: Ներկայացումն խոսում էր այն մասին, որ ճշմարտությունը մեկն է: Այսօր մարդկանց մոտ տարբեր կարծիքներ կան ճշմարտության վերաբերյալ: Շատերը հավատում են թե խաչ կրելն ու Աստվածաշունչ ունենալն է մարդուն դարձնում քրիստոնյա, իսկ մյուս մասի կարծիքով շատ ընկերներ ունենալն ու քրիստոնեական սիմվոլիկ իրեր կրելն է մարդուն դարձնում Քրիստոսի աշակերտ: Այնինչ պատռված ճշմարտությունը բացահայտվեց՝ իրար նկատմամբ Աստծո սերն ու միաբանությունն է մեզ դարձնում Քրիստոսի հետևորդներ։
Սրանից հետո տոնի բոլոր մասնակիցները միասին երգով փառաբանեցին Աստծուն: Տոնի վերջում հնարավորություն ունեցանք միասին վայելելու տոնական ընթրիքը։
Աստված օրհնի քեզ թանկագին ընթերցող և հաստատի Իր ճշմարտության մեջ։